Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը Ագուլիսում խաղաղ հայ բնակչության դեմ թուրքական բռնազավթող ուժերի կողմից իրականացված եղեռնագործության 100-րդ տարելիցի կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում ընդգծել է. «Այսօր Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»:
ՀՀ ԱԳՆ հայտարարել է. «Այսօր մենք հիշատակում ենք Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցը: Մեկ դար առաջ՝ 1919թ. դեկտեմբերի 24-ից 25-ը խաղաղ հայ բնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի, իսկ Նախիջևանի այս հինավուրց հայկական բնակավայրը վերածվեց ավերակի»:
ՀՀ ԱԳՆ նույնպես հայտարարել է. «Նախիջևանի հայերի դեմ գործված հանցանքները չսահմանափակվեցին միայն 20-րդ դարի պատմությամբ, այլև նոր դրսևորում ստացան մեր օրերում, երբ ադրբեջանական իշխանությունները, վերջնականապես հայաթափելով Նախիջևանը, իրականացրեցին նաև հայկական մշակութային ժառանգության համակարգված և զանգվածային ոչնչացումը...»:
Հայկական ժողովրդային շարժումը (ՀԺՇ) անվերապահորեն զորակցություն է հայտնում ՀՀ իշխանությունների «Առավել քան վճռական պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում», առավել ևս «Նախիջևանի հինավուրց հայկական բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների հայաթափման» իրողության դեմ դրսևորած պաշտոնական կեցվածքը, որը իր տեսակով շրջադարձային է ՀՀ անկախության տարիներում:
Մենք, հատկապես, ողջունում ենք այս վճռական և հեռատես կեցվածքը, որը դրսևորվում է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի նախօրյակին:

Հայկական Ժողովրդական Շարժում
Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 25 դեկտեմբեր 2019 թ․