Թուրքիան տեսանելի ապագային հիմնովին պիտի կազմաքանդուի

Վերջին երկու տասնամեակներուն հայաստանամերձ տարածաշրջանին մէջ տեղի ունեցող քաղաքական զարգացումներն ու վերիվարումները եկան ապացուցելու, որ 20-րդ դարու սկիզբին ըստ գաղութարարական եւ մեծապետական շահերու արհեստական սահմաններ գծելու, երկիրներ ձեւաւորելու իրողութիւնը այլեւս ենթակայ է վերատեսութեան։ Սահմաններու նկատմամբ կատարուած նշուած կամայականութեան հետեւանքով Հայաստանը կորսնցուց իր բնակչութեան ու տարածքներուն մեծ մասը` դատապարտուելով աշխարհագրականօրէն կղզիացած ներկայ իրավիճակին։

Այսօր, կեղծ սահմանագծումներէն 100 տարի ետք, տարածաշրջանի ազգերուն եւ ազգային խմբաւորումներուն դրսեւորած դժգոհութիւնները, բողոքներն ու պատերազմական գործողութիւնները, իրենց բոլոր ելեւէջներով, անկախ բողոքող ազգերուն դէմ գործադրուող դաժանութիւններէն, տեղահանութիւններէն կամ անոնց նկատմամբ զանգուածային արիւնալի հաշուեյարդարներէն, ուշ թէ շուտ պիտի յանգին շարք մը երկիրներու կազմաքանդման ու նորերու ստեղծման։

Բնականաբար, իր սահմաններուն մօտ կատարուող իրադարձութիւններէն անկախ, կամայ թէ ակամայ, չեն կրնար չազդուիլ ու անոնցմէ անմասն մնալ նաեւ Հայաստանն ու Հայաստանի եւ տարածաշրջանի հայկական գաղութներուն անվտանգութիւնը:

Նշուած առճակատումներու, մանաւանդ քիւրտ-թրքական հետզհետէ խորացող եւ ռազմավարական տեսակէտէն ի վնաս թուրքերուն աճող ու անբուժելի վէրքի վերածուած առճակատման շնորհիւ, Թուրքիան տեսանելի ապագային հիմնովին պիտի կազմաքանդուի եւ պիտի տապալին անոր՝ դէպի արեւելք միտուած ծաւալապաշտական անթաքոյց ձգտումները։ Նման անխուսափելի զարգացման հետեւանքով ամբողջովին պիտի մեկուսանայ Ատրպէյճան կոչուող պետութիւնը, առաջին հերթին՝ հայկական Նախիջեւանը, Հայաստանի Հանրապետութեան առջեւ բանալով ապամեկուսացման՝ դէպի Սեւ ծով հասնելու հնարաւորութիւն, ինչով մեծապէս պայմանաւորուած է հայկական պետականութեան ինքնիշխան գոյութեան յարատեւումն ու բնական զարգացումը։

Հայաստանն այսօր կ’ընթանայ զարգացման, ժողովրդավարութեան, ինքնիշխանութեան կայացման եւ արմատական փոփոխութիւններու դժուար ուղիով, որ հնարաւորութիւն կընձեռնէ նաեւ մշակել իր ինքնուրոյն արտաքին քաղաքականութեան վարդապետութիւնը։

Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնն ու պետական շահը կը պահանջեն, որ մենք ազգովին չդառնանք մեր կամքէն անկախ ընթացող տարածաշրջանային զարգացումներուն սոսկ ականատեսը ու չբաւարարուինք ուշացած ձեւական յայտարարութիւններով, այլ ընդհակառակը, պարտաւոր ենք առաջադրել եւ ունենալ մշակուած ողջախոհ ու իրատեսական (յայտարարուած կամ չյայտարարուած) ծրագիր՝ Հայաստան եւ Սփյուռք իրարու զօրակցող ու զիրար ամբողջացնող մասերով։

21-րդ դարուն, երբ աշխարհի բոլոր ժողովուրդներուն եւ միջազգային կառոյցներուն զարմացական հայեացքներուն առջեւ, անոնց դատապարտող կցկտուր յայտարարութիւններն արհամարհելով, Թուրքիոյ ու անոր զինած հրոսակախումբերուն միջոցով անզէն քաղաքացիներ կը գնդակահարուին, երբ օդէն ու ցամաքէն քաղաքներու եւ աւաններու խաղաղ բնակչութիւնը կը ռմբակոծուի, երբ պետական շահի անուան տակ միջազգային կամ մեծապետական ոյժերը, անդրքուլիսային համաձայնութիւններով, տարածաշրջանի անզէն ժողովուրդը կը լքեն ու անպաշտպան կը ձգեն, հայութիւնը ոչ միայն կը յիշէ իր դէմ իրագործուած բարբարոսային ցեղասպանութիւնը, այլեւ կը շեշտադրէ, որ ընդհանրապէս, բայց մանաւանդ ազատագրուած Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան մէջ մեր ֆիզիքական գոյութիւնն ու անվտանգութիւնը կարելի է եւ պէ՛տք է ապահովել միայն սեփական բանակին ապաւինելով։

Թրքական բարբարոսութիւնն ապրած ու արիւնաքամ դարձած հայութիւնը չի՛ կրնար ապաւինիլ միջազգային կամ տարածաշրջանային այսպէս կոչուած խաղաղապահ ոյժերու եւ ընդհանրապէս երրորդ կողմերու խնամակալութեան։

Նշուած իրողութիւններու լոյսին տակ,

  • կոչ կ’ուղղենք հայրենի ժողովուրդին, ինքնուրոյն եւ պետական շահը գերակայ նկատող քաղաքական բոլոր ոյժերուն՝ ամրագրել 2018 թուականի համաժողովրդային շարժման արդիւնքները, շարունակել մնալ յանձնառու ու պահանջատէր՝ կառուցելով հզօր ու զարգացող երկիր։

  • Հ. Հ.ի ու Արցախի քաղաքական ոյժերուն կը յորդորենք զերծ մնալ Արցախն ու ազգային այլ հիմնախնդիրները քաղաքական շահարկումներու դաշտ մտցնելէ, Արցախը, ինչպէս միշտ, դարձնել միաւորող եւ ոչ թէ պառակտող գործօն։

  • Սփիւռքի տարագիր հայութեան կոչ կ’ուղղենք զերծ մնալ աշխարհաքաղաքացիութեան եւ տեղացի դառնալու ընկալումներէն, հայ ընտանիքին մէջ արմատաւորել Հայրենիքին զօրակցելու ու Հայրենիք վերադառնալու գաղափարները եւ հնարաւոր բոլոր միջոցներով անվերապահօրէն սատարել Հայաստանի Հանրապետութեան։

  • Մերժել Սփիւռքի քաղաքական այն տարրերն ու ոյժերը, որոնք հայկական պետականութեան սատարելը կը կապեն նախապայմաններու, քաղաքական նախասիրութիւններու եւ մրցակցութիւններու հետ:

  • Համաժողովրդային շարժման եւ արդար ընտրութեանց շնորհիւ ձեւաւորուած Հ. Հ.ի իշխանութիւններուն կոչ կ’ընենք երկրին ներսը փտածության դէմ պայքարելուն զուգահեռ չզօրակցիլ Սփիւռքի փտած շրջանակներուն, մօտեցում մը, որմէ միլիոնաւոր սփիւռքահայեր, եւ որպէս հետեւանք՝ Հ. Հ.Սփիւռք յարաբերութիւնները տասնամեակնե՜ր տուժած են։ Ստեղծել Սփիւռքի հետ յարաբերելու առողջ մեքանիզմներ, հրաժարելով անցեալէն ժառանգ ստացած, սոսկ սեփական շահով առաջնորդուող հակապետական դիւանագիտական տարրերէն եւ վարկաբեկուած ու անարդիւնաւէտ կառոյցներէն։

  • Թուրքիոյ դէմ մարտնչող հայ կամաւորներն ու անհատ նուիրեալները ողջունելով հանդերձ, կը յորդորենք ինքնուրոյն աշխատիլ, մանաւա՛նդ՝ չարտօնել օտար ոյժերու կողմէ Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշին շահարկումը։

Տարածաշրջանին մէջ մեծ մասամբ մեր կամքէն անկախ ընթացող լայնածաւալ զարգացումները հայութեան առջեւ կը ստեղծեն «պատմական առիթ»ներու հնարաւորութիւն: Միայն կազմակերպուած ու դէպքերու հաւանական զարգացումներուն նախապատրաստուած հայութիւնը կրնայ հազուադէպ կրկնուող պատմական առիթներն օգտագործելու հնարաւորութիւն ունենալ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ 

ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

17 Հոկտեմբեր  2019

 

 

-----

Արեւելահայերէն

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ


Վերջին երկու տասնամյակի ընթացքում հայաստանամերձ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն ու վերիվայրումները եկան ապացուցելու, որ 20-րդ դարի սկզբին գաղութարարական և մեծապետական շահերի համաձայն արհեստական սահմաններ գծելու, երկրներ ձևավորելու իրողությունը այլևս ենթակա է վերատեսության։  Սահմանների նկատմամբ կատարված նշված կամայականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր բնակչության և տարածքների մեծ մասը` դատապարտվելով աշխարհագրականորեն կղզիացած ներկա իրավիճակին։
Այսօր՝ կեղծ սահմանագծումներից 100 տարի անց, տարածաշրջանի ազգերի և էթնիկ խմբավորումների կողմից դրսևորվող դժգոհությունները, բողոքները և պատերազմական գործողությունները, իրենց բոլոր ելևէջներով, անկախ բողոքող ազգերի դեմ գործադրվող դաժանություններից, տեղահանություններից կամ նրանց նկատմամբ զանգվածային արյունալի հաշվեհարդարներից, ուշ թե շուտ հանգելու են մի շարք երկրների կազմաքանդմանն ու նորերի ստեղծմանը։
Բնականաբար, իր սահմաններին կից կատարվող իրադարձություններից, կամա թե ակամա, չի կարող չազդվել և անմասն մնալ նաև Հայաստանը և Հայաստանի ու տարածաշրջանի հայկական համայնքների անվտանգությունը: 
 Նշված առճակատումների, մանավանդ քուրդ-թուրք հետզհետե խորացող և ռազմավարականորեն ի վնաս թուրքերին աճող և անբուժելի վերքի վերածված առճակատման շնորհիվ, ոչ անտեսանելի ապագայում հիմնովին կազմաքանդվելու է Թուրքիան և տապալվելու են դեպի արևելք միտված նրա ծավալապաշտական անթաքույց ձգտումները։ Նման անխուսափելի զարգացման հետևանքով ամբողջովին մեկուսանալու է Ադրբեջան կոչվող պետությունը և առաջին հերթին հայկական Նախիջևանը, Հայաստանի Հանրապետության առջև բացելով ապամեկուսացման՝ դեպի Սև ծով հասնելու հնարավորություն, ինչով մեծապես պայմանավորված է Հայկական պետականության ինքնիշխան գոյության հարատևումն ու բնական զարգացումը։
Հայաստանն այսօր ընթանում է զարգացման, ժողովրդավարության, ինքնիշխանության կայացման և արմատական փոփոխությունների դժվարին ուղիով, որը հնարավորություն է ընձեռնելու նաև մշակել իր ինքնուրույն արտաքին քաղաքականության դոկտրինը։
ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ մենք ազգովի չդառնանք մեր կամքից անկախ ընթացող տարածաշրջանային զարգացումների սոսկ ականատեսը և չբավարարվենք ուշացած ձևական հայտարարություններով, այլ ընդհակառակը, պարտավոր ենք առաջադրել և ունենալ մշակված ողջախոհ և իրատեսական (հայտարարված կամ չհայտարարված) ծրագիր՝ Հայաստան և Սփյուռք իրար զորակցող և ամբողջացնող մասերով։
21-րդ դարում, երբ աշխարհի բոլոր ժողովրդների և միջազգային կառույցների զարմացած հայացքների առջև,  նրանց դատապարտող կցկտուր հայտարարություններն արհամարելով, Թուրքիայի և իր կողմից զինված հրոսակախմբերի միջոցով անզեն քաղաքացիներ են գնդակահարվում, երբ օդից ու ցամաքից քաղաքների և ավանների խաղաղ բնակչությունն է ռմբակոծվում, երբ պետական շահի անվան ներքո, միջազգային կամ մեծապետական ուժերը կուլիսային համաձայնություններով լքում և անպաշտպան են թողնում տարածաշրջանի անզենք ժողովրդին, հայությունը ոչ միայն հիշում է իր դեմ իրագործված բարբարոսային Ցեղասպանությունը, այլև շեշտադրո՛ւմ, որ ընդհանրապես, բայց մանավանդ ազատագրված Արցախում և Հայաստանում մեր ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը կարելի է և պիտի՛ ապահովել միայն սեփական բանակին ապավինելով։
Թուրքական բարբարոսությունը ապրած և արյունաքամ դարձած Հայությունը չի կարող ապավինել միջազգային կամ տարածաշրջանային այսպես կոչված խաղաղապահ ուժերի և ընդհանրապես երրորդ կողմերի խնամակալության։
Նշված իրողությունների լույսի տակ,
-    կոչ ենք ուղղում հայրենի ժողովրդին, ինքնուրույն և պետական շահը գերակա համարող բոլոր քաղաքական ուժերին, ամրագրել 2018 թվականի համաժողովրդային շարժման արդյունքները, շարունակել մնալ հանձնառու և պահանջատեր՝ կառուցելով հզոր և զարգացող երկիր։ 
-    ՀՀ-Արցախ քաղաքական ուժերին հորդորում ենք զերծ մնալ Արցախը և ազգային այլ հիմնախնդիրները քաղաքական շահարկումների դաշտ մտցնելուց, Արցախը, ինչպես միշտ, դարձնել միավորող և ոչ թե պառակտող գործոն։
-    Սփյուռքի տարագիր հայությանը կոչ ենք անում զերծ մնալ աշխարհաքաղաքացիության և տեղացի դառնալու ընկալումներից, հայ ընտանիքում արմատավորել Հայրենիքին զորակցելու և Հայրենիք վերադառնալու գաղափարը և Հայաստանի Հանրապետությանը անվերապահորեն սատարել հնարավոր բոլոր միջոցներով։ 
-    Մերժել Սփյուռքի քաղաքական այն տարրերին և ուժերին, որոնք Հայկական պետականությանը սատարելը կապում են ինչ որ նախապայմանների, քաղաքական նախասիրությունների և մրցակցությունների հետ:
-    Համաժողովրդային շարժման և արդար ընտրությունների շնորհիվ ձևավորված ՀՀ իշխանություններին կոչ ենք ուղղում երկրի ներսում փտածության դեմ պայքարելուն զուգահեռ չզորակցել Սփյուռքի փտած շրջանակներին, որից տասնամյակներ տուժել են միլիոնավոր Սփյուռքահայեր, և որպես հետևանք՝ ՀՀ-Սփյուռք հարաբերությունները։
      Ստեղծել Սփյուռքի հետ հարաբերվելու առողջ մեխանիզմներ, հրաժարվելով անցյալից ժառանգ ստացած սոսկ սեփական շահով առաջնորդվող հակապետական դիվանագիտական տարրերից և վարկաբեկված և անարդյունավետ կառույցներից։   
-    Թուրքիայի դեմ մարտնչող հայ կամավորներին և անհատ նվիրյալներին ողջունելով հանդերձ, հորդորում ենք աշխատել ինքնուրույն և մանավանդ չարտոնել օտար ուժերի կողմից ՀՀ պետական դրոշի շահարկումը։
Տարածաշրջանում, մեծ մասամբ մեր կամքից անկախ, ընթացող լայնածավալ զարգացումները հայության առջև ստեղծում են «պատմական առիթների» հնարավորություն: Միայն կազմակերպված և դեպքերի հավանական զարգացումներին նախապատրաստված հայությունը կարող է հազվադեպ կրկնվող պատմական առիթներից օգտագործելու հնարավորություն ունենալ:


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

17 հոկտեմբերի  2019թ.