Թուրքիոյ իշխանութիւնները կը շարունակեն Հայ Եկեղեցւոյ ներքին գործերուն միջամտելով ճնշման օղակը սեղմել Կոստանդնուպոլսոյ հայկական փոքր, բայց ազդեցիկ գաղութին շուրջ:
Պատրիարքական ընտրութիւններուն վրայ թրքական իշխանութեանց նախապէս դրած արգելքին (որ միայն թրքահպատակ քաղաքացիները կրնան պատրիարք ընտրուիլ), նոր միջամտութեամբ աւելցած է աննախընթաց սահմանափակում մը՝ արգիլուած է նոյնիսկ Թուրքիոյ քաղաքացի այն անձերու թեկնածութիւնը, որոնք իրենց եկեղեցական ծառայութիւնը այդ երկրի սահմաններէն դուրս կը կատարեն: Այս նոր կամայականութեամբ, պատրիարքական թեկնածուներուն թիւը 12-էն իջեցուած է 2-ի, ինչը կը նշանակէ Թուրքիոյ կողմէ՝ ստրկանալու համաձայնած պատրիարքի պարտադրում Կ. Պոլսոյ հայութեան եւ ողջ Հայ Եկեղեցւոյ:
Այս իրականութեան դէմ յանդիման, պոլսահայ գաղութի ստուար հատուած մը այսօր կը պատրաստուի պոյքոթել ամսի 12-ի պատրիարքական խեղկատակ «ընտրութիւնները», իսկ պահպանողական, իշխանութեանց հետ տարբեր շահերով կապուած կամ անոնցմէ վախցած ուրիշ հատուած մը կ’ընթանայ անոնց գծած ուղիով:
Առաջին անգամը չէ, որ Թուրքիա ոտնձգութիւններ կը կատարէ Կ. Պոլսոյ հայոց պատրիարքական ընտրութիւններուն մէջ: 1950-ին, Անգարայի համանման միջամտութիւնը արժանացաւ Մայր Աթոռի օրուայ գահակալ Գէորգ Զ.ի խիզախ հարուածին: Երջանկայիշատակ հայրապետը Թուրքիոյ նախագահին ուղղուած հեռագիրին մէջ յայտարարեց, որ Թուրքիոյ իշխանութեանց նման վարքագիծը «նշանակում է միջամտել Հայ Եկեղեցու ներքին գործերին, որ թոյլատրելի չէ»: Ան կ’աւելցնէր իր խիստ սպառնալիքը, որ հակառակ պարագային «ստիպուած պիտի լինենք պատրիարքական ընտրութիւնն անվաւեր ճանաչել եւ ընտրեալին չհաստատել»: Հայրապետական սաստը տուաւ իր արդիւնքը. Թուրքիոյ ատենի իշխանութիւնները ստիպուած էին նահանջել իրենց մտադրութենէն, եւ ազատ ու արդար ընտրութիւններու շնորհիւ պատրիարք ընտրուեցաւ արժանաւորագոյն թեկնածուն՝ Հարաւային Ամերիկայի թեմի առաջնորդ ու հայրապետական պատուիրակ Գարեգին արք. Խաչատուրեանը:
Հայ Եկեղեցւոյ դէմ նիւթուող այս դաւադիր քայլերով Ռեճէպ Թայյիպ Էրտողանը կը փորձէ իր իշխանութեան քայքայուած հիմքերը ամրապնդել, միաժամանակ կը ձգտի յաւելեալ պառակտել Կ. Պոլսոյ հայ գաղութը եւ առաւելագոյնս կառավարելի դարձնել զայն՝ նուազեցնելով հետագային պատրիարքարանին ունենալիք դերակատարութիւնը հայութեան ու Հայաստանին առնչուող հարցերուն մէջ:
Պէտք է յստակ հասկնալ, որ Կ. Պոլսոյ պատրիարքական ընտրութիւնը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամեակներուն հայ-թրքական առճակատման կիզակէտին գտնուող խնդիր է, ուստի Հայաստանի Հանրապետութիւնը իբրեւ անկախ պետութիւն, հայկական սփիւռքը, անկախ պետականութեան պայմաններուն մէջ գործող մեր Եկեղեցւոյ Մայր Աթոռը, ինչպէս նաեւ նուիրապետական միւս Աթոռները պէտք է միասնական ու անտեղիտալի կեցուածք որդեգրեն այս հարցի կապակցութեամբ: Այս հարցին հանդէպ լռութիւնը կամ դիւանագիտական այլեւայլ պատճառաբանութիւններով համակերպումը թրքական պարտադրանքին՝ համազօր է թրքական իշխանութեանց ստրկացուցիչ ոտնձգութեանը ենթարկուելուն, իշխանութիւններ, որոնք նոյնիսկ իրենց պետութեան օրէնքներն ու միջազգային հանրութեան առաջ ստանձնած պարտաւորութիւնները առ ոչինչ կը նկատեն:
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի բանակը, իբրեւ ցեղասպանուած հայութեան բռնագրաւեալ հայրենիքի ազատագրութեան եւ իրաւունքներու վերականգնման համար պայքարող կազմակերպութիւն, կը յայտարարէ, որ անտէր չեն Կ. Պոլսոյ հայ գաղութը, Թուրքիոյ մնացեալ վայրերու եւ Հայաստանի գրաւեալ արեւմտեան հատուածին մէջ ապրող խիզախ հայութեան բեկորները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ 
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

8 Դեկտեմբեր  2019

 

-------

Արեւելահայերէն

Կոստանդնուպոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ

Թուրքիայի իշխանությունները շարունակում են Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելով սեղմել ճնշման օղակը Կոստանդնուպոլսի հայկական փոքր, բայց և ազդեցիկ համայնքի շուրջ:
Պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքին, (որ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել որպես պատրիարք), նոր միջամտությունը առաջացրել է աննախընթաց սահմանափակում՝ արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն:
Այս իրականությունն ի տես ունենալով, այսօր պոլսահայ համայնքի մի ստվար հատված պատրաստվում է բոյկոտել ամսի 12-ի պատրիարքական խեղկատակ «ընտրությունները», իսկ պահպանողական, թուրքական իշխանությունների հետ տարբեր շահերով կապված կամ նրանցից վախեցած մի այլ հատված ընթանում է նրանց գծած ուղիով:
Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան ոտնձգություններ է կատարում Կ. Պոլսի հայոց պատրիարքության ընտրություններում: 1950-ին Անկարայի համանման միջամտությունը արժանացավ Մայր Աթոռի օրվա գահակալ Գեորգ Զ.-ի խիզախ հարվածին: Երջանկահիշատակ հայրապետը Թուրքիայի նախագահին ուղղված հեռագրում հայտարարեց, որ թուրքական իշխանությունների նման վարքագիծը «նշանակում է միջամտել Հայ եկեղեցու ներքին գործերին, որ թույլատրելի չէ»: Նա հավելեց նաև իր խիստ սպառնալիքը, որ հակառակ պարագային «ստիպված պիտի լինենք պատրիարքական ընտրությունն անվավեր ճանաչել և ընտրյալին չհաստատել»: Հայրապետական սաստը տվեց իր արդյունքը. Թուրքիայի ժամանակի իշխանությունները ստիպված նահանջեցին իրենց մտադրությունից, և ազատ ու արդար ընտրությունների շնորհիվ պատրիարք ընտրվեց արժանավորագույն թեկնածուն՝ Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ ու հայրապետական պատվիրակ Գարեգին արք. Խաչատուրյանը:
Հայ եկեղեցու դեմ նյութվող այս դավադիր քայլերով Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր իշխանության քայքայված հիմքերը ամրապնդել, միաժամանակ նա ձգտում է ավելիով պառակտել Կ. Պոլսի հայությանը և առավելագույն չափով կառավարելի դարձնել այն՝ նվազեցնելով հետագայում պատրիարքարանի ունենալիք դերակատարությունը հայության և Հայաստանի հետ առնչվող հարցերում:
Պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, ուստի այս հարցում Հայաստանի Հանրապետությունը իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաեւ նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական և վճռական կեցվածք: Այս հարցի հանդեպ լռությունը կամ դիվանագիտական այլևայլ պատճառաբանություննեով թուրքական պարտադրանքին համակերպվելը՝ համազոր է թուրքական իշխանությունների ստրկացուցիչ ոտնձգությանը ենթարվելուն, իշխանություններ, որոնք նույնիսկ իրենց պետության օրենքներն ու միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները առ ոչինչ են նկատում։
Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակը, որպես ցեղասպանության ենթարկված հայության բռնագրավյալ հայրենիքի և իրավունքների վերականգնման  համար պայքարող կազմակերպություն, հայտարարում է, որ անտեր չեն Կ. Պոլսի հայ համայնքը, Թուրքիայի մնացյալ վայրերում եւ Հայաստանի գրավյալ արևմտյան հատվածում ապրող խիզախ հայության բեկորները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

8 դեկտեմբերի 2019թ.