Օրերս Թուրքիայում լույս է տեսել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։ «Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարն Ալին Օզինյանն է։ Նախագիծը կյանքի է կոչվել «Աջակցություն Հայաստա–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ >>>

«Հայաստանի ուղեցույցը» աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այս գրքույկում Հայաստանի տեսարժան վայրերի և դեպի Հայաստան հնարավոր ուղևորությունների մասին մանրամասն տեղեկություններ են ներկայացված հատկապես թուրքիայում բնակվողների համար։ Այն նպատակ ունի հնարավորինս հեշտացնել Թուրքիայից Հայաստան մեկնել ցանկացողների ուղևորությունը։ Գրքույկին կից նախապատրաստվել է նաև հայերեն զրուցարան, որը հնարավորություն կտա հայերեն խոսել ցանկացողներին կամ նրանց, ովքեր թուրքերենից բացի որևէ այլ լեզվով չեն կարող հաղորդակցվել, սովորել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանում ուղևորության ընթացքում։
Ըստ աղբյուրի, ուղեցույցում ներառվել են Հայաստանը ներկայացնող հիասքանչ լուսանկարներ, իսկ հոդվածների հեղինակների շարքում տեղ են գտել պոլսահայ անվանի լեզվաբան Սևան Նիշանյանը, Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Դանզիկյանը, նախագծի ղեկավար, պոլսահայ լրագրող Ալին Օզինյանը։ «Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։
«Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստանում չկա Թուրքիայի դեսպանատուն կամ հյուպատոսարան, ինչի արդունքում այն  տպավորությունն է ստեղծվում, թե Թուրքիայի անմիջապես կողքին գտնվող արևելյան հարևանը՝ Հայաստանը, «հեռու և անհասանելի» երկիր է։ Մենք այս աշխատանքով ուզում ենք ասել թուրք զբոսաշրջիկներին, որ վերոնշյալ հանգամանքները Հայաստան այցելելու և գեղեցիկ տպավորություններով Թուրքիա վերադառնալու համար արգելք չեն հանդիսանում», - ասում է Ալին Օզինյանը։