Մեր կազմակերպության պատմության 47 տարիների ընթացքում թուրքական և ադրբեջանական մամուլում ԱՍԱԼԱ-ի անունից բազմիցս հրապարակվել են կեղծ, չար նպատակներ հետապնդող հայտարարություններ:

Թեև այդ գրությունների հեղինակներն եղել են տարբեր կողմեր, սակայն նպատակը եղել է նույնը՝ ապատեղեկատվություն տարածելով հարվածել մեր կազմակերպության վարկն ու առաքելությանը և վնաս հասցնել նորանկախ մեր պետությանը:

Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում նման հայտարարություններ, մեծամասամբ թյուրիմացաբար, հայտնվել են նաեւ հայկական տպագիր և առցանց մամուլում, այդ թվում վերջին օրերին հրապարակվել է մի հայտարարություն, որն իբր նվիրված է մեր կազմակերպության հիմնադրման 47-ամյակին, սակայն իրականում ձևացնելով, թե ԱՍԱԼԱ-ն կանգնած է մեր ժողովուրդն ու երկիրը ավելի քան երկու տասնամյակ թալանած հանցագործ տարրերի կողքին, մեր կազմակերպության վարկի հաշվին փորձ է կատարվել սրել, առանց այդ էլ երկրում տիրող քաղաքական բևեռացումը, ապակայունացնել երկրը:

Խուսափելու համար շահարկումներից և թյուրիմացություններից հայտարարում ենք, որ հայ կամ օտար մամուլում ԱՍԱԼԱ-ի անունից հայտնվող որևէ հայտարարության, հարցազրույցի կամ մամուլին ուղղված հստակացման հավաստիությունը նախ ստուգել մեր պաշտոնական www.asala.army կայքէջում:

Այս հստակացումից հետո, բոլոր այն լրատու կայքերը որ մեր անունից հրապարակեն կեղծ հայտարարություններ, (որոնք տեղադրված չեն լինելու մեր կայքէջի վրա), համարվելու են դիտավորյալ ապատեղեկատվթյուն տարածողներ և բնականաբար պատասխանատու իրենց արարքի համար:

 

Տեղեկատվական բաժանմունք

20 հունվարի 2022