ՀԱՄԲՈՅՐ ՆՐԱՆՑ ՃԱԿԱՏԻՆ
 

Մեր սիրելի Մասիսի գագաթից պոկեցի դարերով ծածկուած ձիւներից մի զանգուած ու գլորեցի դէպ սարի փէշերը:
Նա պիտի մեծանայ եւ ուժեղանայ եւ չկա՛յ աշխարհում մի ուժ որ կարողանայ կանգնեցնել նրա ընթացքը:
Նա փշրելով ու խորտակելով պիտի խոյանայ դէպի ամէն մի դիմադրութիւն, որ պիտ աշխատի կանգնեցնել նրա րնթացքը:
Նա պիտի հասնի Մասիսի փէշերին, որ մաքրէ ու անհետացնէ դարերի ընթացքում վայրենի, մարդկային դէմքով որջը, որ ազգիս զաւակները իր մայր հողի վրայ նոր կեանք կառուցուի, որ գալիք օրերի ամէն մի չար յորձանքի փրփուրը փէշերից կորչի:
Ալ փլատակների վերայ արցունքոտ աչքերով նստած «Մայր Հայաստան»ին տուէք մոռացութեան, այլեւս նա չկայ:
Այլ կա՛յ հայրենի երկնքում սաւառնող ոգին Հայաստանի, դղեակներ շինող, աշխարհը գարմացնող, զինուած մեր նախնիքների անյաղթ կամքով ապրիլ, կերտել ու դառնալ օրինակ մարդկութեան ցեղին:
Չկան այլեւս աշխարհում գնչու դարձած, իր ձեռքը պարզած ողորմութիւն աղերսող ու ջարդերից ազատուած հայու զաւակներ:
Այլ կան խոր քնից արթնացած մեր եղբայրներն ու նրանց զաւակները, որոնք օրինակ վերցրած Սասունցի Դաւիթից. սուրն են քաշել Նեմեսիս դարձած, եւ իրենց արդարութիւնն են պահանջում մարդկութեան խղճից, չեն ուզում դառնալ զոհը անոնց, որոնք ընտրել են իրենց համար այն միակ ուղին՝ որպէս պատասխան այն անվերջ կոչին, որ 60 տարիներ շարունակ լսւում են արաբական անապատներից, Տէր Զօրից, մեզանից գողցուած ու թուրք ցեղի կռնակին տակ ճզմուած մեր պապական հողերից:
Հասել է արդ ժամը, որ խուլերը լսեն, կոյրերը տեսնեն թէ ինչպէս աշխարհում ցրուած նահատակների հարազատ զաւակները, զարկել են կճեայ ու փշրել քնարները ու վերցրել են մարդկութեան միակ հասկնալի զէնքերն ու ռումբերը՝ վառելով ու հրդեհելով, որ լուսաւորեն խաւարը մեր ներկայ կեանքի, որ իշխի արդարութիւնը իրաւունքների, որ կառուցուի երազը հայի, մեր հողերի:
Ոչ միայն ազգս, այլ բոլոր արդարութիւն ու ազատութիւն որոնող ազգերը, պիտի հպարտութեամբ համբուրեն նրանց ճակատները, որոնք դարձել են ուղեցոյց հային եւ բոլորին համար:


17 Յունիս 1977
Չինոյի Բանտ, Գալիֆորնիա