«Յանիկյանով սկսված Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարը նոր հանգրվան է թևակոխել, որի հաջողության համար անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության հզորացումը և սփյուռքի արդիականացումն ու վերակազմակերպումը»: ՀԺՇ կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Մովսես Քեշիշյան

2019թ. մայիսի 5-ին Հայկական Ժողովրդային Շարժումի նախաձեռնությամբ և հատկապես ՀԺՇ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի կազմակերպմամբ՝ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի աճյունների հուղարկավորությունը:

Մեծ հայի մասունքներն հատուկ պաշտոնական արարողակարգով ամփոփվեցին ՀՀ ՊՆ Եռաբլուրի պանթեոնի մուտքին ՀԱՀԳԲ-ի նահատակների հուշահամալիրում: Աճյունասափորը ԱՄՆ-ից անձամբ բերել էր և արարողությանը մասնակցում էր Յանիկյանի որդեգիրը՝ նրա փաստաբաններից հանգուցյալ Հերրի Ումաննի կինը` Մարիա Ումաննը (Ումանները եղել են Յանիկյանների վաղեմի բարեկամները):

Տիկին Ումաննը հաշվի առնելով ժամանակի միջազգային քաղաքական բարդ իրավիճակը, 35 տարի սրբությամբ պահել է Յանիկյանի աճյունասափորը՝ հարմար պահին այն Հայաստան անվտանգ փոխադրելու համար՝ իրականացնելով Յանիկյանի կտակը:

Եռաբլուր պանթեոնի աստիճանների մոտ, Գուրգեն Յանիկյանի աճյունները տիկին Ումաննից զինվորական պատիվներով ընդունեցին «Արծիվ 30-Արարատ» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության մարտիկները, որոնք աճյունասափորը զինվորական պատվո պահակախմբին հատուկ քայլերով ՀԱՀԳԲ-ի հուշակոթողի առջև տեղադրված սեղան տեղափոխեցին:

Ապա Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի նախագահությամբ, Ս. Էջմիածնի երկու ուրիշ միաբան հայրերի առընթերակայությամբ, հոգեհանգստյան արարողություն կատարվեց, որից հետո հերոսի աճյունասափորը հանձնվեց Մայր Հողին:

Թաղման կարգը կատարելուց հետո Ոսկան Սրբազան ներկաներին ուղղեց իր պատգամը, որն սկսեց Տիրոջ խոսքով` «Եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի, ինքը միայն կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կբերի»: ...

Հոգեհանգստյան պաշտոնից և Սրբազան Հոր հատուկ պատգամից հետո, իր խոսքն ասաց Հայկական Ժողովրդային Շարժումի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Մովսես Քեշիշյանը:

«Իր հերոսական կյանքից ու նույնքան հերոսական մահից 35 տարի հետո, այս պատմական օրը, հողին ենք հանձնում հերոսներ ծնած հայ ժողովրդի, իր տեսակում եզակի` Գուրգեն Յանիկյան հերոսի աճյունը, ով իր խիզախ քայլով համայն հայությանը, և առաջին հերթին սփյուռքահայությանը, պատգամեց ոտնահարված և անտեսված իրավունքները նվաճելու արժանապատիվ և գործնական ուղի», ասաց Քեշիշյանը:

Նա նշեց, «որ հերոս Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտները ոչ թե լոկ վրեժխնդրության հարց էին լուծում, այլև ճշտում էին Հայկական հարցը հետապնդելու քաղաքական ուղին»:

Նա եզրակացրեց. «Յանիկյանով սկսված Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարը նոր հանգրվան է թևակոխել, որի հաջողության համար անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության հզորացումը և սփյուռքի արդիականացումն ու վերակազմակերպումը»:

Ապա Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչության անունից ելույթ ունեցավ պատմաբան Գևորգ Յազըճյանը:

Նա իր խոսքն սկսեց «Ձայն մը հնչեց…» երգի բառերով, հայտարարելով, որ Հայաստանի սրտում` Կարին քաղաքում ծնված Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտների շաչյունը թունդ-թունդ հանեց ոչ միայն հայոց, այլև թշնամու և նրա դաշնակիցների սրտերը: Արդարև, Յանիկյանի արարքից երկու տարի անց ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որից թշնամիներն առ այսօր սարսափում են ու միշտ էլ սարսափելու են այնքան ժամանակ, մինչև ազատագրվեն հայկական բռնագրավյալ բոլորհողերը:

Յազըճյանը վերջում սփյուռքահայերին կոչ արեց վերադառնալ Հայրենիք ու նրան տիրություն անել: Նա հայտարարեց, որ Հայրենիք են վերադարձել ոչ միայն Յանիկյանի աճյունները, այլ նաև նրա ոգի°ն, և համանմանությամբ բանաստեղծ Մուշեղ Իշխանի մի ստեղծագործության, ասաց. «Եթե մինչ Յանիկյանի աճյունների հայրենադարձը այս հողը մեզ համար հայ էր, մայր և սուրբ, այդ աճյուններն իր մեջ ընդունելով` Հայրենիքի հողը է°լ ավելի հայացավ, է°լ ավելի մայրացավ ու է°լ ավելի սրբացավ»:

Պաշտոնական արարողակարգի ավարտին ներկաները խոնարհումով ու խնկարկումով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակ հերոս Գուրգեն Յանիկյանի ու նորագույն ազատագրական պայքարի ճանապարհին զոհված մյուս բոլոր նահատակների հիշատակին:

2019թ. մայիսի 5-ին սկիզբ դրվեց աշխարհի տարբեր երկրներում հայության իրավունքների պաշտպանության համար պայքարած և զոհված ազատամարտիկների մասունքների հայրենադարձությանը:

Արարողությանը ներկա էին նաև Արցախի ազատագրական պայքարի մասնակիցներ, նահատակների հարազատներ, մտավորականներ, նորագույն ազգային ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպության` ՀԱՀԳԲ-ի անդամներ, նախկին քաղբանտարկյալներ, կազմակերպության համակիրներ և հոծ բազմություն: