«Թող այս կուսակցութիւններէն ամէն մէկը իւր խղճին հարցնէ թէ արդեօք այդ կուսակցական բաժանմունքը չէ՞ գլխաւոր եւ բուն պատճառը Սասնոյ աւերակաց տակ ծածկուելուն, ... >>>

ՀՐԱՅՐ ԴԺՈԽՔԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ

Կը հրապարակենք, Հրայր Դժոխքի 1895-ի Մայիս 2 Հնչակեաններու եւ  Դաշնակցականներու իրարու նկատմամբ թշնամական վարքագիծը դատապարտող պատմական նամակը, որ աժմեական է մինչեւ այսօր։

«Անմահ Մուրատի «մեղքը» միայն անոր մէջ կը կայանար, որ նա «անպայմաններից» չէր- Անպայման Հնչակեան է պահանջում լինել Հնչակը, այսինքն գիտնալ բոլոր Դաշնակցականներէ, գրականական գողեր, աւազակ անուանել, գիտնալով հանդերձ, որ դա զրպարտութիւն է, ստո՛ր զրպարտութի՜ւն... Անպայման Դաշնակցական լինել է պահանջում նաեւ Դաշնակցութիւնը, այսինքն հայհոյել Հնչակեաններին աջ ու. ձախ, չխնայելով նոյնիսկ Տամատեաններին, Մուրատներին, գիտնալով հանդերձ, որ նոքա հերոսներ էին... բաւական է...

«Ի՛նչ ունիք բաժանելու եղբայրք... Փա՞ռք... թողէ՛ք, դա Տամատեաններին եւ Մուրատներին, Վարդաններին եւ Մարգարներին, Զաքարեաններին եւ Լեւոններին - նաեւ Արապօներին է սեփական...» իր դատապարտող նամակին մէջ կը գրէ Հրայրը։

Այս նամակի մասին Դաշնակցական «Դրօշակ»-ը կը գրէ   «Հրայր Դժոխքի համբերութիւնը կր հատնի, ու երբ Բասէն կը մտնէ առաջին պարտականութիւնը կ'ըլլայ հետեւեալ յատկանշական գրութիւնը ուղղելու «Դրօշակ»ին եւ «Հնչակ»-ին․․․։ Այդ ելոյթը լիովին կը պարզաբանէ Հրայրի յեղափոխական դիմագիծը ․․․: Խօսքը այն յայտարարութիւն-նամակի մասին Է, որ Հրայր 1895-ի Մայիս 2-ին ղրկեց «Դրօշակ»ին եւ «Հնչակ»ին իր տեսակէտները ճշդելու հայ յեղափոխութեան մասին եւ իր վերաբերմունքը ցոյց տալու Հնչակեան եւ Դաշնակցական կուսակցութեան բանավէճերու հանդէպ․․․: Հրայրը Երկրի ծանր մտահոգութիւններով անցած էր Կովկաս, մինչդեռ  յեղափոխական մամուլը Երկրէն հեռու նստած, առօրեայ չնչին վէճերով կը փոթորկուէր․․․:

ՀՐԱՅՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

(1895 Մայիս 2)

«Վաղուց անտի հայ յեղափոխական գործի մէջ նշմարելի էր անձնական կրից եւ եսական փառաց արդիւնք եղող ահագին վնասները, հայ հասարակութեան շահերին, նորա կենսական հարցերին: Ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ բարոյական հալածանաց ներկայ ժամանակ, փոխանակ այդ եսը կորչելու եւ անհետանալու յօգուտ ժողովրդի, գնալով աւելի եւ աւելի հսկայական կերպարանք կը ստանայ, որով այն եզրակացութեան կը յանգինք, որ այդ արեան հեղեղում, ժողովուրդի ներկայ օրհասին մէջ, կուսակցական բաժանմունքը, անձնական կրքերէն բխած կուրութիւնը, եսական փառքը, ժողովուրդը կը տանի յաւիտենական կորուստի գուբը...

«Մինչ ցարդ լոելնուս պատճառը՝ միայն այն յոյսն էր, որ այդ հիւղերը իրենց փոքր գրութեան մէջ արմատախիլ պիտի լինեն: Դժբախտաբար, այդ յոյսը ի դերեւ ելնելով, այսօր ժամանակ կը գտնեմ բացատրելու եւ հայ հասարակութեան առջեւ բաց անելու մի գլխաւոր կէտի մասին, մեր հայեացքն ու զգացումները:

«Իբրեւ նմուշ վեր կառնեմ այն կէտը, որ մի քանի ամիսներէ ի վեր հայ յեղափոխական կուսակցութեանց միջեւ ի զուր վիճաբանութիւններ եւ զրպարտութիւններ յառաջացուցած է: Մինչ ցարդ լռելուս պատճառը խորին զզուանքս եւ ի սրտէ վիշտս էր, իսկ այսօր, երբ այլեւս ոտս կր դնեմ ժողովրդի ցաւոց մասնակից լինելու ուղիի վրայ, խիղճս կր հրաւիրէ ինձ այլեւս արհամարհական լռութիւնը ի բաց թողուլ, եւ պաշտպանել բարոյական կէտ մը, որն արդէն լրջութեամթ խորհողի մը առջեւ պարզ եւ մեկին է...

«Ես մօտէն գիտակից լինելով անմահանուն Պ. Մուրատի գործունէութեան եւ մասնակից, ըստ կարեաց, նորա ձեռնարկներին, - մե՛նք հարիւրաւոր վարձերով համոզուեցինք , որ կուսակցական բաժանմունքը, երբ այդ յաոաջ կու գայ իբրեւ հետեւանք գաղափարների արմատական տարբերութեան, երբ կուսակցութիւնը կը պայմանաւորի մի որեւէ հասարակական հարցի կամ երեւոյթի մասին, տարբեր աշխարհայեցողութիւնից, ժողովրդի խաղաղ ժամանակին, անբարոյականութիւնները, բարոյականութիւնից զտող, ճշմարտութեան արտայայտիչ, եւ ժողովրդի քայլերը յառաջ տանողն է: Իսկ յեղափոխական գործի մէջ, պատերազմի դաշտում, ժողովրդի ներկայ դրութեան եւ իրերի այս տագնապալից վիճակի մէջ, մանավանդ երբ չկայ գաղափարի տարբերութիւն, երբ հիմնաքարը, երկու կողմից էլ, մարդկանց նեղ «ես»ի մէջ է կայանում, այդպիսի կուսակցութիւնները ժողովրդի հիմը քանդող ու տապալողն են... Այդպիսի կուսակցութիւններն են, որ զուգապատիւ են, ժողովրդի իրական շահուց դաւաճանութեան...

«Այսօր Պ. Մուրատը, ժողովրդական այդ հերոսը, բանտի անկիւններ կը տքնի, բայց ես ազատ լինելու համար, անհրաժեշտ պարտք կը զգամ նորա լայն հայեացքները չծածկել մութ անկիւններում, բարոյապէս չմեռցնել նորա գգացմունքները, որ ժողովրդի իրաւանց պաշտպանութեան նուիրուած էր: Նա ժողովրդի ցաւերը իր կաշիի վրայ կրելով, դարձաւ ժողովրղի արդար շահուց արդար պաշտպան, նա իւր կեանքը նուիրեց ժողովրդի արդար դատին եւ ոչ այս կամ այն կուսակցութեան եսական փառքին... Նոյնը եւ ամէն մի ազնիւ գործողի պարտականութեանց այբ ու բենը պէտք է լինի: ժողովրդի անմիջական շահն կր պահանջէր եւ միշտ կը պահանջի, ընդհանուր ուժերի միացում: Ինչո՞ւ... Որովհետեւ թշնամինչծածկենք ուժեղ է, համեմատաբար խիստ ուժեղ: Եւ այդ նպատակաւ էր, որ այդ հերոսը, թէ՛ մասնաւոր անհատների հետ միացած՝ իւր ամէն ջանք չէր խնայեր ձեռք բերել այդ ցանկալի նպատակի իրագործումը: Թէ՛ ինքը Մուրատը եւ թէ՛ ես դրդեալ այս եւ շատ մը երկաթ եւ արդար պատճառներից, մենք մեթ թղթակցութիւնները կ'ուղարկէինք երկու, կուսակցութեանց եւս... մեզ ցանկալի էր, եթէ լինէր տասնաւոր յեղափոխական թերթեր, նոյն ծրագրով, նոյն գործին նուիրուած, բոլորի մէջն էլ նոյն թղթակցութիւնը հրատարակուած տեսնելով- ոչ թէ մեր եսական փառքի համար, այլ ժողովրղի անտանելի ցաւերը շատ մարդկանց ականջին հասցնելու եւ գիտակից դարձնելու համար:

«Թող այս կուսակցութիւններէն ամէն մէկը իւր խղճին հարցնէ թէ արդեօք այդ կուսակցական բաժանմունքը չէ՞ գլխաւոր եւ բուն պատճառը Սասնոյ աւերակաց տակ ծածկուելուն, եւ անշուշտ այդ անձնական կրից եւ կուսակցութեանց այսպիսի վտանգաւոր հետեւանքները մեզ դիտել կու տար եւ պիտի տայ, որ ուրեմն դուք, կուսակցութիւններդ, անխղճաբար ժողովրդի ոչխարի պէս մորթուելուն եւ նորա անարատ արեան հեղեղի պէս թափուէլուն վրայ հանդիսատես լինելով՝ հաճոյք կը զգաք: Դուք, կուսակցութիւններդ, ի բաց թողած ժողովրդի դրական ուժի կեդրոնացումը եւ նորա կենսական պէտքերը, անձնական մանրակրկիտ հաշիւներով զբաղուած էք: Կարծեմ անկեղծ գործողի մը խիղճը հանգիստ կը լինի այն ժամանակ, երբ մինչեւ իւր կենաց վերջին կաթիլը, իւր ամէն ջանքն, քիրտն ու արիւնը նուիրած է հասարակութեան ընդհանուր շահերին եւ ո՛չ եսական ձգտմանց, անձնական հաշւոյ եւն. եւն.: Արդեօք այլեւս ի՞նչ կը նշանակէ ձեր այդ երկայն ճառերն ու խմբագրականները, կարծես գրելու նիւթ բան չլինէր...

«Մենք այսչափ նահատակ ենք ունեցել», «Դրօշակ» անուն մի թերթ գրական գողութիւն է արել», «մեր նամակներն ու թղթակցութիւնները իւրացրել, եւն. եւն.»: Դա բարոյական մահ է: Նամանաւանադ այն պատճառով, որ Հնչակեան կուսակցութիւնը լաւ գիտէր ու չէր կարող չգիտնալ որ թղթակցութիւնները չեն գողացուած, չեն իւրացուած, քանի որ այդ կէտն լաւ եւս յայտնի էր «Ատրպատականի եւ Կովկասի ներկայացուցչին»:

Եւ մեր նպատակն է ո՛չ միմիայն թշուառութեան մատնւած ժողովուրդը թիւրքի վայրենութիւններէն ազատել, այլ նոյնիսկ թէ՛ ֆիզիքական եւ թէ՛ բարոյական բռնութիւնների դէմ բողոքել... Թո՛ղ պարծի ինքը ժողովուրդը, թո՛ղ հանգստանայ ժողովրդի խիղճը, թո՛ղ նայի իւր աքսորեալ, բանտարկեալ որդւոց, թո՛ղ աչքը յառէ դէպի կախաղանները, դէպի Հայաստանի հովիտն ու ձոր, ահա այնտեղ է, որ ժողովրդի արեան գոլորշին այրուած տուներու ծխոյն հետ խառնուելով՝ հայ յեղափոխական գործի ղեկավարների գլխի շուրջը կամար կապած, բողո՜ք եւ լուտա՜նք կը տեղայ:

«Բաւական է, պարոններ, բաւական է, ժամանակ է զգալ ձեր տմարդի ընթացքը: ժամանակ է զգալ, որ Սասունի 10,000 նահատակների ձեռին, 8-10 հրացան միայն տալու կարողութիւն ունեցող մի կազմակերպութիւնը ինքզինք փիղ նկատել՝ իսկ Սասունի բարձունքը քանդող, աւերող ամեհի գազաններին՝ քոթոթ-, դա՝ միայն ծաղրածուների գործ է:

«Քոթոթ է նկատուած նաեւ Դաշնակցութիւնը՝ որը՝ եթէ քիչ է գործել, գոնէ համեստութիւն է ունեցել չգոռալու, ընթերցողների ականջը խլացնելու չափ՝ «մե՜նք զարկինք», «մե՜նք ջարդեցինք»...

«Մենք»... շարունակ «մենք»...

«Եւ դո՛ւ, Հայ Յեղափոխական Դաշնակցութի՛ւն, որ ինքզինքդ կը յորջորջես այդ խոշոր բառերով, արդեօք խղճի խայթ չե՞ս զգար, երբ Մուրատի դէմ փակեցիր քո դուռը, անօգնական թողիր նրան, միայն այն պատճառով, որ նա պատկանում էր Հնչակեան խմբին, այսինքն՝ աոիթ չէր ունեցած քեզ հետ անձամբ ծանօթ լինելու:

«Եւ թողի՛ր, դո՛ւ, որ նա դատարկաձեռն դաոնայ ապագայայսօրուայ ողբերգութեան տեղը... Միթէ զա՞յդ կը պարտաւորեցնէ քեզ քո «Դաշնակցութիւն» մեծահնչիւն անունը: Որ տեղ է, ուրեմն քո «դաշինքը», ո՞ւր է քո կոչման բարձրութեան վրայ գտնուելը, երբ յեղափոխականներէ լաւագոյն կարկառած ձեռքում... քար միայն դրի՛ր հացի տեղ...

«Շնորհակալութիւն գաւաոներին... Նոքա գիտցան բուն Դաշնակցական լինելը, նոքա գրկաբաց ընդունեցին վշտացած հերոսին իւր ընկերներով, եւ նա մոռցաւ ձեզանից ստացած վիրաւորանքը, մոռցաւ նա, որովհետեւ սիրտը լի էր իսկական սիրով, սիրով՝ դէպի թշուառ ժողովուրդը, որ իրեն կը սպասէր... Այո՛, անմահ Մուրատի «մեղքը» միայն անոր մէջ կը կայանար, որ նա «անպայմաններից» չէր- Անպայման Հնչակեան է պահանջում լինել Հնչակը, այսինքն գիտնալ բոլոր Դաշնակցականներէ, գրականական գողեր, աւազակ անուանել, գիտնալով հանդերձ, որ դա զրպարտութիւն է, ստո՛ր զրպարտութի՜ւն...

Անպայման Դաշնակցական լինել է պահանջում նաեւ Դաշնակցութիւնը, այսինքն հայհոյել Հնչակեաններին աջ ու. ձախ, չխնայելով նոյնիսկ Տամատեաններին, Մուրատներին, գիտնալով հանդերձ, որ նոքա հերոսներ էին... բաւական է...

«Ի՛նչ ունիք բաժանելու եղբայրք... Փա՞ռք... թողէ՛ք, դա Տամատեաններին եւ Մուրատներին, Վարդաններին եւ Մարգարներին, Զաքարեաններին եւ Լեւոններին - նաեւ Արապօներին է սեփական...

«Դրա՞մ... Չէ՞ որ Ղազարոսի պէս աղքատ էք երկուսդ էլ. համեմատելով գործի յանհունս մեծ պահանջների եւ անմիջական կարիքների հետ:

«Ի՞նչ ունիք, ի՞նչ... Ո՞րն է այն գաղափարը, ոը ձեգ ի միմեանց կը ջոկէ, ի՞նչ կէտի վրայ է ձեր հասկացողութիւնների մէջ եղած տարբերութիւնը, որ դուք ձեր ողորմէլի ուժերը միացնելու տեղ կը ջլատէք, եւ ձեր պաշտպանութեան յանձնուած թշուառ ժողովուրդի տունը հիմնայատակ կը տապալէք... Ամօ՜թ է, յանցա՜նք է»...

ԴԺՈԽՔ

 

Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան)  1864 - 1904։

1864, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1904 Սանասունք, Սասուն, հայդուկապետ, ռազմական տեսաբան, Հայ ազատագրական շարժման ղեկավարներից։ 

1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891  Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղ-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։

Սասունի ինքնապաշտպանական կռիվներին,1904 թվականի ապրիլի 13-ին, թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվում են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրն ընկերներով փորձում են փակել նրանց ճանապարհը։
Սեպուհը վիրվավորվում է, Հրայրը նկատում է վերջինիս օգնության։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպանվիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»: Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։
Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում` Աղբյուր Սերոբի կողքին։