Աշխարհասփյուռ հայությունը պետք է վերահաստատվի իր հայրենի հողի վրա
Ուղիղ 47 տարի առաջ՝ 1975 թ. հունվարի 20-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ կամ ASALA-Armenian Secret Army for the Liberation of Armenia) ռմբահարեց լիբանանահայության արտագաղթը երրորդ երկիր, հատկապես՝ ԱՄՆ եւ Կանադա կազմակերպած Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակը՝ այդ գործողությամբ պաշտոնապես հայտարարելով իր գոյության մասին: Նպատակը հայկական տարրը սահմանամերձ շրջաններից հեռացնելն էր այնպիսի հեռավորությամբ, որ Թուրքիան այլեւս չվախենա հայկական պատասխան գործողությունների հնարավորություններից: Նշված գործողությանը հաջորդել են 200-300 ռազմագործողություններ, որոնց արդյունքում սպանվել են մոտ 100 եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ մոտ 40 թուրք դիվանագետներ ու այլ պաշտոնյաներ: Սա մի իրադարձություն էր, որով հայ ժողովուրդը փաստեց ազգային ազատագրական շարժման վերսկսման մասին՝ տարբեր ռազմագործողությունների միջոցով Հայկական հարցի վրա բեւեռելով ողջ աշխարհի ուշադրությունը, միաժամանակ հնչեցնելով իր երկաթյա խոսքը, որ կորսված հայրենիքի փրկության գործին միշտ հետամուտ է լինելու՝ անկախ այն պայմաններից, որոնց մեջ գտնվում է:
ՀԱՀԳԲ-ի ստեղծման համար հիմք դարձավ 1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից թուրք երկու դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարի եւ հյուպատոս Բահադըր Դեմիրի սպանությունը: Յանիկյանը սրանով դարձավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգեւոր հայրը. 1975 թ. մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը կվերադարձներ միջազգային քաղաքական օրակարգ, հետամուտ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը եւ նախադրյալներ կստեղծեր Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար:
Այս նյութում նպատակ չունենք անդրադառնալ այն բոլոր ռազմագործողություններին, որոնք իրականացրել է ՀԱՀԳԲ-ն: Միայն կնշենք, որ առավել մեծ արձագանք են ստացել «Օրլի» ռազմագործողությունը, «Վան», «Կարին-Էրզրում» գործողությունները եւ հարձակումն Անկարայի շուկայի վրա: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը հիմնականում հարվածում էր թուրքական դեսպանատներին, հյուպատոսարաններին, դիվանագետներին, պետական պաշտոնյաներին, զինվորական ու ոստիկանական հաստատություններին, թուրքական բիզնես միջավայրին, հատկապես՝ «Turkish Airlines» ընկերության գրասենյակներին, ինչպես նաեւ այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցներին, որոնք որեւէ կերպ աջակցել են թուրքական պետությանն ու խոչընդոտել ՀԱՀԳԲ-ի գործունեությանը, որը միտված էր Արեւմտյան Հայաստանի ազատագրությանը: Իսկ ընտրված միջոցներն ապացույցն են այն բանի, որ ՀԱՀԳԲ-ն հավատում է միայն զինյալ հարատեւ պայքարին՝ կիրառելով ուժի ցուցադրման բոլոր հնարավորությունները: Ի տարբերություն ծայրահեղ իսլամական ահաբեկչական կազմակերպությունների, որոնք հիմնականում ստեղծվել եւ ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից ու ձգտում են Թուրքիայի տիրապետությունը տարածել բոլոր այն երկրներում, որտեղ գործում են, այդ թվում՝ ԵՄ-ում, ինչի պատճառով որոշ երկրներ արդեն արգելել են դրանց գործունեությունն իրենց տարածքում, ՀԱՀԳԲ-ն գործել է բացառապես որպես ազգային զինվորական կազմակերպություն՝ արդարացի այն հիմքով, որ Հայաստանը ենթարկվել է բռնազավթման ու կորցրել միջազգային դիվանագիտական խողովակներով սեփական խնդիրները բարձրաձայնելու բոլոր հնարավորությունները: ՀԱՀԳԲ-ն պարզապես աշխարհին տեղեկացրեց, որ սկսում է Թուրքիային պատժելու եւ Հայաստանի պետականության վերականգնման գործընթաց: Անկարան այժմ փորձում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ներկայացնել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ աշխարհում նրա դեմ գործողություններ սանձազերծելու նպատակով: Բայց ՀԱՀԳԲ-ի թիրախը միայն նրանք են, ովքեր ապօրինաբար գործել են հայության դեմ, ահասարսուռ եղանակներով սպանել միլիոնավոր մարդկանց, յուրացրել նրանց հայրենիքն ու շարժական գույքը եւ մնացել անպատիժ: ՀԱՀԳԲ-ն ապացուցեց, որ հայը ոչ թե թափառաշրջիկ, այլ պատմական հայրենիքը կորցրած, իրավազրկված ժողովուրդ է, որն իր ազգային ազատագրական պայքարը չի դադարեցնում անգամ անհնարին թվացող իրավիճակներում եւ կոշտ գործողությունների է դիմում միայն այն պատճառով, որ նրան այլընտրանք չեն թողել:
Թուրքական ցեղասպան պետության եւ բոլոր այն պետությունների ու ուժերի դեմ պայքարում, որոնք զորավիգ են Թուրքիայի ցեղասպանական հրեշային ծրագրի իրագործմանը, ՀԱՀԳԲ-ն հնարավոր բոլոր միջոցներով ձգտել ու ձգտելու է միասնականություն ստեղծել բոլոր կազմակերպությունների ու ավանդական կուսակցությունների միջեւ, նպաստել սփյուռքահայերի՝ Հայաստան վերադարձին, ինչպես նաեւ արգելել օտար պետությունների կողմից ծրագրված կամ իրականացվող հայերի արտագաղթը: Եվ այդ պայքարը պետք է շարունակվի մինչեւ միակ հանգրվան, երբ աշխարհասփյուռ հայությունը կվերահաստատվի իր հայրենի հողի վրա: Միայն Արեւմտյան Հայաստանի բռնագրավված բոլոր տարածքների ազատագրումից հետո ՀԱՀԳԲ-ն ավարտված կհամարի իր առաքելությունը: Միաժամանակ ՀԱՀԳԲ-ի նպատակներից մեկն էլ իրավազրկված բոլոր ժողովուրդների պայքարը նույն վճռականությամբ ու հավատով պաշտպանելն է՝ պայմանով, որ նրանց հետապնդած նպատակները չհակադրվեն հայկական գերագույն շահերին: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ակտիվորեն մասնակցել է նաեւ արցախյան պայքարին:
ՀԱՀԳԲ-ի կազմակերպված ու հետեւողական պայքարի շնորհիվ հայ ժողովրդի հայրենազրկության ու ցեղասպանության հարցերը կրկին քաղաքական օրակարգում են: Աշխարհը բացեց աչքերն ու տեսավ, որ իրավազրկված մի ժողովուրդ, որը չի ուզում մեռնել, արժանապատվորեն պայքարում է իր ազգային իրավունքների համար: ՀԱՀԳԲ-ն օգնեց նաեւ խավարի մեջ գտնվող թուրք ժողովրդին ու մտավորականությանը՝ լսելու պատմական ճշմարտությունը, որի դեմ է կառուցված թուրքական ողջ կրթական համակարգը:
1990-ականներին ՀԱՀԳԲ-ն իր գործունեությունը սառեցրեց միայն այն պատճառով, որ Հայաստանը վերականգնել էր իր պետականությունը: Ստեղծված նոր իրավիճակում պայքարի նոր հորիզոններ ու հնարավորություններ էին բացվում, ուստի անխուսափելի էր նաեւ նոր գործելաոճի ընտրությունը:
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի քաղաքական դիվանի անդամ Արամ Հայկազյանը մի առիթով ասել է. «Այլեւս գրեթե անհերքելի փաստ է, որ մեր տարածաշրջանի քարտեզը կրկին ենթակա է մեծ փոփոխությունների: Ենթադրվում է, որ հին պետությունների հաշվին նորերը պետք է ստեղծվեն: Ազգային ու դավանանքային ժողովրդագրական անհերքելի իրողություններն ապացուցում են, որ Թուրքիան եւս քայքայվող պետությունների շարքում է: Դրա տապալման դեպքում ոչ միայն կվերանա ՀՀ-ի անվտանգության եւ նույնիսկ գոյության գլխին կախված դամոկլյան սուրը, այլեւ Հայաստանի արեւմտյան հատվածի ազատագրության կտրվածքով ի հայտ կգան աննախադեպ հնարավորություններ: Հետեւաբար, անտեսված ու մոռացված Հայկական հարցը, որը 20-րդ դարի 70-ական թվականներին սփյուռքահայերի երրորդ ու չորրորդ սերունդների մեծ զոհողությունների շնորհիվ կրկին քաղաքական բեմ վերադարձավ, այսուհետ նույնպես հետեւողական կերպով պետք է պահել առկայծ: Շեշտում ենք, որ այդ հետեւողական պայքարը պետք է ընթանա բացառապես սփյուռքի ինքնուրույն միջոցներով ու ջանքերով՝ երբեք ՀՀ-ին չներքաշելով այդ պայքարի ու առճակատման մեջ: ՀՀ-ն ազատագրական կամ պահանջատիրական պայքարի մեջ ներքաշելու որեւէ փորձ կարող է անվերադարձ հետեւանքներ ունենալ: Մեր կարծիքով՝ մինչեւ Թուրքիայի քայքայման վճռական պահը ՀՀ-ն այս հարցին ուղղակիորեն միջամտելու առումով անելիք չունի: Այդուհանդերձ, ՀՀ-ն մեծապես կարող է սատարել այս հոլովույթին երկու ուղղությամբ՝ միջազգային իրավական օրենքի մասնագիտական կառույցներ ստեղծելով, հայկական իրավունքների վերականգնման գծով համապատասխան թղթածրարներ ապահովելով, ինչպես նաեւ կապեր հաստատելով Հայաստանի արեւմտյան հատվածի մեջ ապրող՝ մոռացված, ծպտյալ կամ կրոնափոխ դարձած հայերի հետ: Դեմ չենք ՀՀ-Թուրքիա զգուշավոր հարաբերություններին: Որքան էլ զարմանալի թվա, նույնիսկ չենք ընդդիմանա, եթե Թուրքիայի հետ հարաբերությունների համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ-ի կողմից նախապայման չդիտվի: Սակայն կտրականապես դեմ ենք եւ դեմ կլինենք «պատմական հարցեր» ուսումնասիրող թուրք-հայկական, որեւէ այլ բնույթի հանձնախմբի կամ ենթահանձնախմբի ստեղծմանը՝ այն դիտելով ոչ միայն հարված հայկական պայքարին, այլեւ համաձայնություն Հայաստան-սփյուռք միասնության դեմ, անթույլատրելի ոտնձգություն հայոց արժանապատվության դեմ: Միեւնույն ժամանակ պետք է բացառվի սփյուռքի պայքարը վիժեցնող կամ թուլացնող որեւէ քայլ կամ քաղաքականություն»:
Երբ վերջերս ՀԱՊԿ-ն Հայաստանի նախագահությամբ որոշում կայացրեց ուժեր մտցնել Ղազախստան այդ երկրի նախագահ Տոկաեւի խնդրանքով, եւ ՀՀ-ն ընդամենը 100 հոգուց բաղկացած մեկ գումարտակ տրամադրեց այդ առաքելության իրականացման համար, թուրք պաշտոնաթող փոխծովակալ Ջիհատ Յայջին «Ենի Շաֆաք» թերթում գրեց, թե «այն փաստից, որ զորակազմում ընդգրկվել են Հայաստանի զինված ուժերը, պետք է դասեր քաղի ողջ թյուրքական աշխարհը՝ ստեղծելով Թուրանի բանակ»:
Ինչպես տեսնում ենք, Թուրքիայում, անկախ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքներից, հսկայական սարսափ կա հայության ուժից: Երբ 100 հայը նպատակ ունեն, բազմամիլիոն Թուրքիան ստիպված է լինում մտածել ոչ թե սոսկ սեփական, այլեւ թյուրքական աշխարհի ուժերի միջոցով դիմակայման հնարավորությունների փնտրտուքի մասին: Այդ վախը շարունակաբար կպահպանվի, եթե մտածենք միասնական դառնալու եւ հայկական շահի հետեւից գնալու մասին, եթե մտածենք, որ այսուհետ հայկական միտքը՝ հայրենիքում ու սփյուռքում, անհրաժեշտ է միավորել: Իսկ 44-օրյա պատերազմում հաղթած ադրբեջանաթուրքական երկյակին, ինչպես նաեւ նրանց սպասարկող ուժերին միայն հիշեցնենք, որ հայը երբեք այնքան հզոր ու ահեղ չի եղել, որքան այն ժամանակ, երբ այլեւս այլընտրանք չի ունեցել…
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ,
Հունվարի 20, 2022 Սոցիում
https://hhpress.am/socium/2022/8275/