Օրերս Երևանում ընթացող փողոցային ցույցերի ընթացքում ՀՅԴ անդամ Համբիկ Սասունյանը հայհոյախառը նախադասություններով քննադատել է ՀՀ իշխանություններին, որից հետո մի քանի թուրքական լրատվամիջոց ու նաև բանից անտեղյակ հայկական կայքէջեր անդրադառնալով ՀՀ իրավապահների կողմից նրա բերման ենթարկելու լուրին, վերջինիս ներկայացրել են որպես Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի, անդամ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նա ո՛չ մոտից և ո՛չ էլ հեռվից երբևէ կապ չի ունեցել մեր կազմակերպության հետ:

Թեև Հայաստանի անկախացումից հետո տարբեր առիթներով հայտարարել ենք, սակայն օգտվելով այս առիթից մի անգամ ևս հստակեցնում ենք, որ ՀԱՀԳԲ-ը ոչ մի պաշտոնական ներկայություն չունի Հայաստանի Հանրապետության տարածքում: 

Ինչպես սրանից առաջ բացատրել ենք, մեր այս որոշումը ունի իր պարզ հիմնավորումը. Մենք կտրականապես դեմ ենք Հայաստանը, որպես պետություն ազատագրական պայքարի դաշտ ներքաշել և այն համարում ենք անպատասխանատու քայլ:
Հետևաբար, որևէ կողմ, հետազոտող, գրող կամ ՀՀ պարզ քաղաքացի, որ սադրանքով հանդես է գալիս մեր կազմակերպության անունից, կամ որպես մեր կազմակերպության հետ իբր թե հատուկ կապեր ունեցող, նա մութ նպատակներ հետապնդող անձ է, և պատասխանատու է իր կատարածի հետևանքների համար: