Հիսուն տարի առաջ՝ 1975 թվականի հունվարի 20-ին, Հայոց ցեղասպանությունից փրկված ու աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի երրորդ սերնդի իմաստուն և անձնազոհ երիտասարդ տարրերը՝ Հայկական անկախ պետականության բացակայության պայմաններում, ծնունդ տվին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ ԱՍԱԼԱ-ին, ավետելով Հայկական զարթոնքի և Հայության ոտնահարված իրավունքները հետևողականորեն պաշտպանելու պատրաստակամության մասին:


Հայրենիքը չտեսած, բայց ի սեր հայրենյաց ապրող այդ սերունդը, գիտակցելով իր նախաձեռնած հանդուգն պայքարի և ստանձնած պատասխանատվության ծանրությունը, հուսահատված Սփյուռքին վերադարձրեց նրա անհետացած հպարտությունն իսկ աշխարհին ստիպեց վերհիշել, որ հայ ժողովուրդը այլևս չի հանդուրժելու իր հազարամյա բնօրրանի մեծ մասի՝ Արևմտյան Հայաստանի բռնազավթումը՝ Օսմանյան կայսրության ժառանգորդը հանդիսացող Հանրապետական Թուրքիայի կողմից: Իրողություն, որին աշխարհը և հատկապես գերտերությունները վերաբերվում էին որպես կատարված փաստ՝ ուժի իրավունքը գերադասելով իրավունքի ուժից:


Բուռն, անխնա և հետևողական պայքարի և քաղաքական շրջահայացության արգասիքն է, որ այսօր տասնյակ միջազգային կառույցներ և պետություններ, այդ թվում գերտերություններ դատապարտել են Հայոց ցեղասպանության իրողությունը, երբ մինչև ԱՍԱԼԱ֊ի ծնունդը, միայն  աշխարհի մյուս ծայրում գտնվող բարեկամական Ուրուգվայն էր դատապարտել Ցեղասպանության իրողությունը՝ 1965 թվականին ։ 


Այսօր, սակայն, իրողություններն այլ են։ 1990֊ականներին երկբևեռ աշխարհի փլուզմամբ՝ Հայկական անկախ պետականության վերածննդի պայմաններում Անկախության նվաճման ու Արցախի ազատագրման վերելքին հաջորդեց տարածքային, ռազմական, քաղաքական, ժողովրդագրական և հոգեբանական նահանջ։ Իրողություն է, որ կանգնած ենք աննախադեպ սպառնալիքների և մարտահրավերների առջև։


ՀԺՇ֊ն հավատում է՝ առկա նահանջին կարող է հաջորդել վերելք` Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի շրջահայաց տարրերի փոխըմբռնումով և ներդաշնակ գործակցությամբ։ Նման ներդաշնակ գործունեության ողնաշարը պետք է կազմի սեփական ուժի նկատմամբ հավատը, ինքնուրույնությունը, առկա արժեքների վերարաժևորումը,  ըմբռնումը և այլ կարևոր հանգամանքներ՝ երբեք չբացառելով այլեւայլ միջոցների և հնարավորությունների օգտագործումը։


Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի հիմնադրման 50-ամյակը ևս մեկ առիթ է,  ո'չ ասելու հայությունը տարանջատող  բաժանարար գծերին և այո' ասելու միասնությունն ամրապնդող գաղափարներին։


Փա՜ռք Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին

Փա՜ռք և հավերժությու՜ն հանուն Հայաստանի զոհված մեր հայտնի և անհայտ բոլոր նահատակներին


Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 20 հունվարի 2025թ.