ՀԺՇ-ի Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարում է. Առաջարկվող կրթական չափորոշիչները անընդունելի են, քանի որ չեն նպատակադրում ՀՀ-ում հայ երեխայի ազգային դաստիարակությունը, հայրենատեր նոր սերնդի կազմավորումը: >>>

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով փորձագետների երկու խմբեր հեղինակել են հայոց լեզվի, հայ գրականության ու հայոց պատմության կրթական նոր չափորոշիչներ: Վերջիններս մեծ վրդովմունք և զայրույթ են առաջացրել ՀՀ-ում և սփյուռքում:

Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչության անդամները վերջին շաբաթներին մոտիկից հետևեցին այս հարցի շուրջ ամենատարբեր ելույթների, դիտեցին տեսանյութեր, ծանոթացան թեր ու դեմ կարծիքների մեծ մասին:

Այս բոլորի հիման վրա, Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարում է.

1. Առաջարկվող կրթական չափորոշիչները անընդունելի են, քանի որ չեն նպատակադրում ՀՀ-ում հայ երեխայի ազգային դաստիարակությունը, հայրենատեր նոր սերնդի կազմավորումը:

2. Փորձագիտական խմբերի անդամները վստահություն չեն ներշնչում:

Առաջարկում ենք.

1. Կազմավորել փորձագիտական նոր խմբեր, որոնք կրթական չափորոշիչներ ու ծրագրեր մշակելիս կառաջնորդվեն հայության ազգային դպրության ավանդույթներով՝ դրանք պատվաստելով տարբեր երկրների հանրակրթական չափորոշիչների ու մեթոդների դրական և հայկական ազգային կրթությանը հարիր տարրերով:

2. Փորձագիտական խմբերում ընդգրկել հայագիտական առարկաների սփյուռքահայ ճանաչված մանկավարժների՝ թեկուզ խորհրդատուի կարգավիճակով:

Հայկական Ժողովրդային Շարժում Հայաստան

Երևան, 17 օգոստոսի 2020թ.