ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԱՀԱՐ ԺԱՄԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ, ԿԱՄ՝ ԹԵՀՐԱՆ – 84 >>>

ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԱՀԱՐ ԺԱՄԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ, ԿԱՄ՝ ԹԵՀՐԱՆ – 84


1984թ․ մարտի 27-ին, 28-ին, ապա ապրիլի 28-ին, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը -Թեհրանում թուրք դիվանագետների դեմ ռազմական գործողությունների շարք իրականացրեց:
Իրան-Իրաք 8-ամյա պատերազմի ամենամեծ շահողներից Թուրքիայի կառավարությունը նորանոր պայմանագրեր կնքելու նպատակով իրար հաջորդող տնտեսական ու քաղաքական պատվիրակություններ էր ուղարկում Իրան: Թուրքիայի այդ ժամանակաշրջանի վարչապետ Թուրգութ Էոզալը Հայոց ցեղասպանության տարելիցից մի քանի օր անց՝ ապրիլի 28-ին, 400 հոգանոց պատվիրակության գլուխ անցած, պիտի այցելեր Թեհրան: ՀԱՀԳԲ-ը հայտարարել էր, որ չի լռելու և «պատմական պատասխան է տալու այդ քայլին»: Հետագա դեպքերը ապացուցեցին ՀԱՀԳԲ-ի սպառնալիքի լրջությունը. Էոզալի ժամանման պահին Թեհրանի ամենակենտրոնական պողոտայում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարելիս գնդակահարվեց Թուրքիայի գաղտնի ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյա Ըշըկ Յոնդերը (Işık Yönder)(1), ով իր կնոջ՝ դեսպանատան քարտուղարուհի Շադիյե Յոնդերի (Şadiye Yönder) հետ միասին դեսպանատուն էր մեկնում: 


1984թ․ մարտին Թեհրանում իրականացված գործողությունների ընթացքում նահատակվեց հերոս Սուրիկ Գրիգորյանը: Նահատակ Գրիգորյանի և հայ նորագույն ազգային ազատագրական պայքարում նրա ներդրման մասին ավելի մանրամասն կանդրադառնանք ապագայում, իսկ «Նոր Սփիւռք»-ի այս համարով ներկայացնում ենք թուրք դիվանագետների վիճակը այդ օրերում՝ թուրքերի՛ իսկ վկայությամբ:


Ամերիկյան «Նյու Յորք թայմզ» թերթը 1984թ․ մարտի 29-ի համարում գրում էր․ «Թեհրանում Թուրքիայի դեսպանատունն այսօր հայտարարել է, որ հայ զինյալները մի շարք հարձակումների ընթացքում թիրախավորել են երկու թուրք դիվանագետի»: «Դեսպան Իսմեթ Բիրսելը հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ հայերի հարձակումներն սկսվել են երեքշաբթի օրը(2)` թուրք դիվանագետի ավտոմեքենայում ռումբ տեղադրելով: Ռումբը պայթել է ժամանակից շուտ՝ սպանելով հարձակվողին:
Դեսպանը հայտնել է, որ մի այլ հարձակման ընթացքում գլխից ծանր վիրավորվել է ռազմական կցորդի օգնական Իսմայիլ Փամուկչուն (İsmail Pamukçu) երբ իր տան դիմաց ստուգում էր իր ավտոմեքենան. երկու զինված անձեր կրակոցներ են արձակել նրա ուղղությամբ: Նույն պահին, դեսպանատան առաջին քարտուղար Հասան Սերվեթ Էոքթեմը (Hasan Servet Öktem) երկու այլ զինված անձերի թիրախ է դարձել երբ իր բնակարանից աշխատանքի էր մեկնում:
Դեսպան Բիրսելը հավելեց, որ Իրանի ոստիկանությունը մեկ այլ թուրք դիվանագետի տան դիմաց ձերբակալել է երկու զինված հայերի, նույն օրը երեկոյան՝ ևս հինգ հոգու՝ դեսպանատան շրջակայքում»:


Դեպքից 34 տարի հետո, 2018թ․ մարտի 28-ին, Իրանում Թուրքիայի դեսպանատան երբեմնի առաջին քարտուղար Հասան Էոքթեմը թուրքական T24 կայքում գրում է․ «34 տարի առաջ, 1984թ. մարտի 27-ի ուշ երեկոյան, Թեհրանում իմ բնակարանի հեռախոսը զանգեց: Մեր դեսպանի խորհրդական Քութլու (Kutlu) բեյն ասաց, որ մեր առևտրի հարցերով խորհրդական Ըշըլ Յունելի (Işıl Ünel) ավտոմեքենայում ռումբ տեղադրելու ժամանակ հայ ահաբեկիչ է մահացել: Պայթումին հետևանքով, ավտոմեքենան ամբողջովին քանդվել է ու հարևանությամբ գտնվող բոլոր տների պատուհանները ջարդվել են: Նա հորդորեց հաջորդ օրը դեսպանատուն շատ զգույշ գնալ»:


Էոքթեմը հավելում է․ «Մարտի 28-ի առավոտյան, բնակարանից դուրս եկա զինված իմ ատրճանակով, որը ձեռք էի բերել Շտուտգարտի (Գերմանիա) գլխավոր հյուպատոսարանում պաշտոնավարության ընթացքում: Պայմանավորվել էի առավոտյան իմ ավտոմեքենայով վերցնել նաև իմ հին ընկերոջը՝ դեսպանատան քարտուղար Օղուզ Դեմիրալպին (Oğuz Demiralp)(3), ով ապրում էր նույն թաղամասում: Իմ բնակարանից 20-30 մետր հեռավորության վրա, ճանապարհին, կողքով անցնող երկու զինված մոտորցիկլետավորներ իմ վրա կրակ բացեցին: Վարորդի բաց պատուհանից եկող չորս փամփուշտներից երկուսը խոցեցին մարմինս, մյուս երկուսը փշրեցին ապակիները: Հարձակման ցնցումից հարվածելով 15-20 մետր հեռու գտնվող փայտե ավտոտնակի դռանը՝ կանգ առա: Երբ ուշքի եկա, գտա ատրճանակս, իսկ իրենց հարձակման արդյունքն իմանալու համար փողոցի աջ կողմում սպասող երկու ահաբեկիչները հեռացան՝ հասկանալով, որ կարող եմ կրակել»,– գրում է Էոքթեմը:
Նա շարունակում է. «Առավոտյան նույն ժամին, իր ավտոմեքենայի անվտանգությունն ստուգելիս, Թեհրանի դեսպանատան ռազմական կցորդի օգնական Իսմայիլ Փամուկչուն (İsmail Pamukçu) ահաբեկչական հարձակման թիրախ դարձավ՝ նրա գլխի ուղղությամբ կրակ բացվեց: Կցորդի օգնականի հետ նույն հիվանդանոցը տեղափոխվեցի:
... Հարձակումներն իրականացնողները մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեցին, որ «ցեղասպանության» համար վրեժ են լուծում (նրանց հայտարարության խունացած օրինակը դեռ իմ արխիվում է):


1984թ. մայիսի 1-ի(4) առավոտյան, այսինքն մեր դեմ կատարված հարձակումից 33 օր անց, հայ ահաբեկիչները կրկին հարձակվեցին ճիշտ այն պահին, երբ հանգուցյալ վարչապետ Թուրգութ Էոզալը այցելում էր Թեհրան: Թիրախը մեր գործարար ընկեր Ըշըկ Յոնդերն էր, ով իր կնոջը՝ դեսպանատան քարտուղարուհի, մեր սիրելի ընկեր Շադիյե Յոնդերին դեսպանատուն բերելու պահին, կարմիր լույսի ներքո կանգ էր առել ավտոմեքենայով: Ըշըկ Յոնդերը նահատակվեց իր գլխին դիպած մեկ փամփուշտով:
Մինչև հաջորդ հարձակումը, ես 10 օր Թուրքիայում էի: Իմ ընտանիքը ապրում էր մեծ վախի մեջ: Ես հանգստացնում էի իմ ընկերներին: Ինձ ընդունեց արտաքին գործերի նախարարության պատասխանատուներից Էրջյումենտ Յավուզալպը (Ercüment Yavuzalp): Նա ասաց, որ ինձ համար անհարմար կլինի շարունակել իմ պարտականությունները Թեհրանում և որ ինձ ավելի անվտանգ մայրաքաղաք կուղարկեն: Ես նշեցի, որ Թեհրանից իմ հեռանալը կարող է մեկնաբանվել որպես փախուստ հերթապահությունից և որ ինքս եմ նախընտրել առաքելությունս կատարել Իրանում, հավելելով, որ չեմ ուզում գրոհների ներքո ապրող իմ գործընկերներին մենակ թողնել:
Իմ տեսակետները հասկանալու Յավուզալպի հիմար խոսքերը արտաքին գործերի նախարարության միջանցքներում մի քանի տարի հետո շրջանառվելուց հետո մոռացության մատնվեցին, այլևս չհիշվեցին: Թուրքիայում ամեն տարի սեպտեմբերի 19-ին պաշտոնապես տոնակատարվող հերոսների օրն իսկ ինձ հաշվի չառան:
... Իրանում իմ պաշտոնավարությունն ավարտեցի 1985թ. սեպտեմբերին ու Անկարա վերադարձա»:


Թեհրանի գործողություններից 30 տարի անց, 2014թ. հուլիսի 6-ին, ռազմական կցորդի երբեմնի օգնական Իսմայիլ Փամուկչուի կինը՝ Քեզբան (Kezban) Փամուկչուն «Haber Türk» հեռուստաալիքի հետ զրույցում պատմել է այդ օրերին իրենց վիճակի մասին:
«Haber Türk»-ի կայքէջը այդ մասին գրում է, որ 30 տարի առաջ, 1984թ. մարտի 28-ին, Թեհրանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդի օգնական Իսմայիլ Փամուկչուն իր բնակարանի դիմաց ԱՍԱԼԱ-ի հարձակման էր ենթարկվել: Հարձակումը տեղի էր ունեցել կնոջ՝ Քեզբանի աչքերի առաջ: Փամուկչուի կյանքը բամբակյա թելից կախված էր. փամփուշտներից մեկը լյարդն էր խոցել, մյուսը հարվածել էր գլխին: Բոլորը նրան մահացած էին համարում, պնդում էին՝ կմահանա: Բայց նա ապրեց: Հույսը չկորցրած միակ մարդը նրա կինն էր:
Փամուկչուն 6 ամիս գտնվում էր մահաքունի մեջ: Փամփուշտների պատճառած վնասը շատ ծանր էր. ձախ կողմը անդամալույծ դարձավ, տեսողությունը մեծապես վնասվեց և սկսեց դժվարությամբ խոսել:
«Haber Türk»-ը այնուհետ դժգոհում է Փամուկչուին անտեսելու փաստից. հերոսի կոչումը նրան շնորհել են հարձակման ենթարկվելուց ... 20 տարի անց:
«Իսմայիլ Փամուկչուն Թեհրանի ամենաբարդ օրերին իր երկիրն էր ներկայացնում: Նրա տան դուռը թակող ու նրա որպիսությունը հարցնող մեկը չկա: 30 տարի անց ինչպե՞ս է կյանքը Փամուկչու ընտանիքի համար: Այս և այլ հարցերի պատասխաններն ստանալու համար թակեցինք տան դուռը Իսմայիլ-Քեզբան Փամուկչու զույգի, որը համեստ կյանքով ապրում է Անկարայի Դիքմենում (Dikmen)(5): Մենք խոսեցինք Թեհրանում և դրանից հետո տեղի ունեցածի մասին: Լսելիս՝ հուզվեցինք և հազար անգամ ցավ զգացինք»,– գրում է «Haber Türk»-ը:
«Իր մարմնի ձախ կողմը անդամալուծված է: Դժվար է խոսում և քայլում, առանց օգնության չի կարող նույնիսկ ամենափոքր գործերն անել: Երբ 30 տարի առաջ խոսում էինք, նա երբեմն զայրանում, ըմբոստանում էր իր վիճակի դեմ. ժամանակ առ ժամանակ չէր կարողանում զսպել իր արցունքները և գնում էր այլ սենյակ»,– պատմում է Քեզբանը, ով արդեն 40 տարի ամուսնու կողքին է՝ հաճախ գտնվելով հիվանդանոցների միջանցքներում: Նա սկսում է պատմել.
«Իսմայիլ Փամուկչուի աշխատանքի առաջին նշանակման վայր որոշվեց Թեհրանը: Խոմեյնիի օրոք մարդիկ Իրանում տագնապալի օրեր էին ապրում: Իսմայիլ բեյը նշանակվեց Թեհրանի դեսպանատանը որպես ռազմական կցորդ՝ ավագ սերժանտի աստիճանով: 


Այդ օրը, մարտի 29-ի(6) առավոտյան, տանը նստած նախաճաշում էինք: Դուռը թակեցին: Եկողը ռազմական կցորդ գնդապետ Օսմանն էր: Նա Իսմայիլ բեյին ասաց. «Եկեք դեսպանատուն միասին գնանք, մեկ ավտոմեքենայով»: Իսմայիլը ասաց «գնամ ավտոմեքենան պատրաստեմ: Ցտեսությո՛ւն, Քեզբա՛ն», և վար իջավ: 
Ճանապարհ դնելու համար պատշգամբ դուրս եկա: Փողոցը ամբողջովին դատարկ էր: Ամեն առավոտի նման, Իսմայիլը բացեց իր ավտոմեքենայի թափքը՝ ստուգելու, թե ռումբ տեղադրվա՞ծ է արդյոք: Հետո շրջվեց դեպի բեռնախցիկը ... Մի ձայն լսվեց: Մինչև կհասկանար, թե ինչ է պատահում, Իսմայիլը գետին ընկավ: Պարզվեց, որ մեր ավտոմեքենայից երեքչորս ավտոմեքենա հետևում ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչ է գտնվել՝ գետնին պառկելով թաքնված: Նա կրակել էր Իսմայիլի կրծքին ... Նա (ՀԱՀԳԲ-ի մարտիկը – Դ. Ա.) երկնագույն վերարկու էր հագել, իսկ գլխին բերետ ուներ: Նրա դեմքը չկարողացա տեսնել: Մոտորցիկլետը պտտվեց նրա շուրջը: Նույն մարդը գետինը պառկած իմ Իսմայիլի գլխին մի կրակոց ևս արձակեց: Ես ցնցված էի: Կոկորդիս ամբողջ ուժով գոռում էի և օգնություն աղերսում»:


Իսմայիլ Փամուկչուն բարկանում է և ընդհատում Քեզբանին: Վերջինս շարունակում է. «Նախորդ օրը ԱՍԱԼԱ-ի ահաբեկիչներից մեկը փորձել էր ռումբ տեղադրել առևտրի հարցերով մեր կցորդի ավտոմեքենայի մեջ: Ռումբը պայթել էր ահաբեկչի ձեռքում: Թեհրանում մեր դեսպան, լրագրող Մուրատ Բիրսելի հայրը՝ Իսմեթ Բիրսելը երեկոյան մեր ռազմական կցորդ գնդապետին հեռախոսով խորհուրդ է տվել․ «Զգո՜ւյշ եղեք, մե՛կ ավտոմեքենայով եկեք»: Այդ ժամանակաշրջանում կապի միակ միջոցը հեռախոսն էր: Ես (նախորդ գիշերվա) ռմբահարման մասին լուր չունեի: Եթե գնդապետը այդ մասին ինձ ասած լիներ, այդ գիշեր չէի քնի, պահակություն կանեի, պատուհանից դիտելով նրանց կսպասեի: Ոչ թե նրա՛նք ինձ վրա կկրակեին, այլ ընդհակառակը, ե՛ս նրանց վրա կկրակեի»(7):
Իսմայիլ Փամուկչուն, ում բոլորը մահացած էին համարում, դեռ կենդանի էր: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Հեշտ է ասել, թե նա 6 ամիս մահաքունի մեջ էր՝ 1,5 ամիս Թեհրանում, 4,5 ամիս էլ GATA-ի(8) Անկարայի հիվանդանոցում:
Տիկին Քեզբանն ասում է, որ 68 կիլոգրամ քաշ ունեցած իր ամուսինը 6 ամսվա ընթացքում 32 կիլոգրամ էր դարձել: «Իսմայիլը հաճախակի բղավում է՝ «Ռո՛ւմբը պիտի պայթի»: Նա շատ զգայուն է ձայնի հանդեպ: Նույնիսկ պատի ժամացույցը հեռացնել տվեց: Նա «ցտեսության» նման մի բան է ասում անընդհատ: Բժիշկին հարցրեցի, թե դա ի՞նչ է նշանակում․ «Շատ նորմալ է,– ասաց նա,– Իսմայիլը դեռ վերապրում է հարձակման օրվա սարսափը: Նա քեզ ասած իր վերջին խոսքերն է կրկնում»:
ՀԱՀԳԲ-ը մի օր կհրապարակի «Թեհրան – 84» գործողությունների շարքի իրական և ամբողջական պատմությունը, երբ այդ հրապարակումը ազատագրական պայքարի երթին և պայքարի նվիրյալների անվտանգությանը չի վնասելու:

(1) Թուրքիայի սեւծովյան Զոնգուլդակի նահանգի կենտրոն համանուն քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը կոչվում է քաղաքում ծնված Ըշըկ յոնդերի անունով:

(2) այսինքն՝ մարտի 27-ին:

(3) Հետագայում՝ դեսպան: 2017թ.ին հանգստյան է կոչվել:

(4) Պետք է լինի ապրիլի 28:

(5) Գյուղ անկարայի նահանգում՝ մայրաքաղաքի կենտրոնից շուրջ 100 կիլոմետր հեռու:

(6) Պետք է լինի մարտի 27:

(7) Իրականության մեջ, ՀԱՀԳԲ-ի մարտիկները Իսմայիլ Փամուկչուի դեմ իրենց գործողությունը կատարելիս, խուզարկում են նրան եւ առգրավում նրա դիվանագիտական անձնագիրը, ռազմական եւ ծառայողական փաստաթղթերն ու այլ իրեր։ ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստան»ը ժամանակին հրապարակել է առգրավված փաստաթղթերի եւ Փամուկչուի վրա կրակված փամփուշտների պարկուճների նկարները:

(8) GATA – Gülhane Askeri Tıp Akademisi (Գյուլհանեի ռազմական բժշկության ակադեմիա) թուրքերեն անվան հապավումն է: Թուրքիայում գոյություն են ունեցել GATA-ի երկու հիվանդանոցներ՝ անկարայում եւ Ատամբուլում: Անկարայի GATA-ի հիվանդանոցը 2016թ. օգոստոսի 27-ին անվանափոխվել է GEAH (Gülhane Eğitim ve Araştırma Hastanesi – Գյուլհանեի ուսումնական եւ հետազոտական հիվանդանոց):